Չէ, խոսքը կինոյի մեծ վարպետ Չառլի Չապլինի համանուն ֆիլմի մասին չէ, այլապես չէինք մոռանա չակերտները: Խոսքը Ռուսաստանի առաջնության վերջին տուրում կայացած «Սպարտակ»-ԲԿՄԱ դերբիի մասին է, որի ժամանակ մարզասերները ողջ մարզադաշտը պատել էին ֆայերների կրակների այնպիսի լույսով ու թանձր ծխով, որ հանդիպման մրցավար Ալեքսեյ Նիկոլաևը հարկադրված է եղել տևական ժամանակով խաղն ընդհատել՝ նկատի առնելով նաև տրիբունաներում ծավալված անկարգությունները:
Երևույթը խիստ մտահոգիչ է: Այն առանձնակի սրություն է ստանում նաև այն հենքի վրա, որ ոչ այնքան հեռավոր ապագայում աշխարհի առաջնությունն է, ու վստահություն չկա, որ անհավասարակշիռ մարզասերներն իրենց նման բաներ թույլ չեն տա և այն ժամանակ, իսկ այդ պարագայում արձագանքները բոլորովին այլ կլինեն: Հետևաբար, խնդիրը մեկն է՝ գտնել անհավասարակշիռ մարզասերներին սանձելու արդյունավետ միջոց կամ միջոցներ: Ինչ վերաբերում է խաղի արդյունքին, «Սպարտակը» հաղթել է 3:1 հաշվով ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ